ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Պուտինը ցնծում է, Էրդողանը՝ պոչը քաշում

Պուտինը ցնծում է, Էրդողանը՝ պոչը քաշում
04.07.2016 | 12:35

The Washington Times-ը գրում է՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խոցեց ռուսական ՍՈւ-24 կործանիչը՝ այդ քայլով ցույց տալով Ռուսաստանին իր անհամաձայնությունը նրա ագրեսիայի նկատմամբ: Այդ միջադեպը ապտակ էր ՌԴ նախագահ Պուտինին, որ սովոր է հաշվի չնստել ոչ մեկի հետ և շարունակ ագրեսիվ գործողություններ է կատարում՝ ընդգծելով ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքերի թուլությունը:


Կրեմլի գործողությունները Ղրիմում և Դոնբասում ոչ մի արգելքի չհանդիպեցին: Ամերիկյան ողջ զրահապատ տեխնիկան դուրս բերվեց Եվրոպայից: ՆԱՏՕ-ի և ամերիկյան զինուժը խեղճացած վիճակում էր: Թվում էր, թե ոչ մեկը չէր կարող խանգարել Կրեմլին անարգել իրագործել իր ծրագրերը: Նախագահ Օբաման նահանջել էր Սիրիայում իր «կարմիր գծերից»: Եթե Ռուսաստանը պատրաստվում էր մերթընդմերթ խախտել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանը, ո՞վ պետք է նրան կանգնեցներ: Թուրքիայի նախագահ Էրդողանին անհանգստացնում էին ոչ միայն իր երկրի օդային սահմանի խախտումները:

Սուննի Թուրքիան վաղեմի հակամարտության մեջ էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ հույսով, որ մի օր կազատվի իրեն սահմանակից շիաների սպառնալիքից: Եվ հանկարծ Ռուսաստանը գլխիվայր շրջեց իրերի դասավորությունը՝ ռազմական օգնություն ցուցաբերելով իր դաշնակից Ասադին: Ընդդիմությունը փախուստի դիմեց: Ինքնաթիռի խոցումը հանկարծակիի բերեց Ռուսաստանին. գազազած Պուտինը դա համարեց հարված թիկունքից: Թուրքիան և Ռուսաստանը խոր տնտեսական կապեր ունեին, գլխավորապես զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում: Մոսկվան Թուրքիայից ներողություն էր պահանջում, Թուրքիան համառորեն մերժում էր: Պուտինը անմիջապես պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:


Պուտինի ձեռքում այլ հաղթաթղթեր կային


Ռուսաստանը սկսեց աջակցել քրդական ուժերին, որոնք Թուրքիայի համար տևական ժամանակ սպառնալիք են: Թուրքիայի հարավային սահմանի մոտ քրդական կիսաանկախ պետության ձևավորման հեռանկարը լցրեց Անկարայի համբերության բաժակը: Այս շաբաթ Թուրքիան այլևս չդիմացավ. Էրդողանը նամակ ուղարկեց Կրեմլ, որտեղ ափսոսանքն էր հայտնում միջադեպի կապակցությամբ: «Մենք չէինք ուզում և մտադիր չէինք խոցել այդ ինքնաթիռը»,- գրել է նա: Ցավակցություն հայտնելով օդաչուի ընտանիքին՝ Էրդողանը խնդրել է ներել իրենց:


ՈՒ թեպետ Թուրքիան այժմ փորձում է այլ կերպ մեկնաբանել նամակի բովանդակությունը, որ փրկի դեմքն անհաջող խաղում, իրադարձությունների նման զարգացումը նշանակում է ամբողջական պարտություն: Փաստը, որ Էրդողանն իր նամակը ուղարկեց Brexit-ից անմիջապես հետո, պատահական չէ. Թուրքիան, որին վաղուց թույլ չեն տալիս միանալ տնտեսական միությանը, զգում է, թե ինչպես է ուժասպառ լինում ԵՄ-ն: Պուտինը վաղուց է ուզում թուլացնել արևմտյան ինստիտուտները: Հնարավոր է, որ Թուրքիան նաև Իրան-Սիրիա-Ռուսաստան միության ճնշմանն է ենթարկվում հարավում: Բոլոր դեպքերում այս դրվագը նշանակում է հարավային թևում ամրացող Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքերի թուլացում: Կրեմլը ապացուցեց, որ առաջինը չի զիջի և պատրաստ է դիմակայել ցանկացած դժվարության, մինչև Արևմուտքը փոխի իր դիրքորոշումը:


Արևմուտքը պիտի հասկանա, որ սպասման խաղում ռուսները միշտ հաղթող դուրս կգան. դա նրանց գեներում է: Մոսկվայի վարքագծի վրա ազդելու միակ միջոցը ուժի կիրառումն է: Որքան էլ առաջադիմականների և ազատականների համար տհաճ լինի պատերազմին պատրաստվելը, դա միակ ելքն է պատերազմից խուսափելու, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի մասին է։

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ